Վանաձորի նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի և նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ նախկինում սահմանված տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը փոխանցել է նրանց պաշտպան Ռուբեն Հակոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա տեղեկացրել է, որ Վերաքննիչ դատարանը ընդունել է իրենց բողոքը։
Փաստաբանը նշել է. «2 խափանման միջոց է կիրառվել՝ ազատ են արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց, և նրանց նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք է սահմանվել։ Դատախազը կարծում էր, որ անգամ տնային կալանք պետք չէ կիրառել, նա միջնորդել էր խափանման միջոցը կալանք դարձնել, սակայն դատարանը մերժեց հանրային մեղադրողին»։
Սամվել Դարբինյանը և ևս չորս անձ հունիսի 23-ին ձերբակալվել են։ Նրանց դեմ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որոնք վերաբերում են իշխանական կամ ծառայողական դիրքը կամ դրանով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։
Հունիսի 24-ին հայտնի է դարձել, որ Սամվել և Սեյրան Դարբինյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Սամվել Դարբինյանն զբաղեցրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը 1999-ից մինչև 2016 թվականը։






