AM
30 Հուլիս 2025 - 06:14 AMT

Կարևորվել է երկխոսությունը ՀՀ-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ, քաննրկել Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգացումը՝ հիմնված համընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա։

Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա համագործակցության ընթացքը՝ ընդգծելով ՀՀ կառավարության՝ ԵՄ հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է երկխոսությունը Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում:

Մասնավորապես, կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կիբեռանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի, միջուկային էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային կարևոր իրադարձություններին։ ԱԳ փոխնախարարը Դագ Հարթելիուսին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացիկ իրավիճակը։

Հունվարին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ընթացող Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկմանը հայտարարել էր, որ չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին բախվում է Հայաստանը, երկիրը հաստատակամ է եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում։