AM
30 Հուլիս 2025 - 06:26 AMT

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Փաշինյանի ավտոշարասյան վարորդը մեղավոր է ճանաչվել

Դատարանում ավարտվել է 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։ Դատարանը հրապարակել է դատավճիռը։

Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, մնացել է անփոփոխ, հայտնում է Aysor.am-ը։

Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյանին` նշելով, որ մեղադրանքն անհիմն է, հայտնում է Auroranews.am-ը։

Մինչդեռ մեղադրողը պնդել էր, որ մեղադրանքն ապացուցվել է։ Ավելին, մեղադրող դատախազը հորդորել էր մեղադրյալին` ներողություն խնդրել մահացածի հարազատներից։

Դատավորը Կարեն Ֆարխոյանն էր։

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը լրագրողներին ասել է, որ դատարանն այս պահին լուծել է միայն մեղավորության հարցը, հայտնում է «Ազատությունը»։

«Ինչից տուժող կողմը, բնականաբար, գոհ է այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից: Հաջորդիվ արդեն՝ լրացուցիչ դատալսումների փուլում, դատարանն անդրադառնալու է պատժի հարցին»,–ասել է նա։

Ասլանյանը հավելել է, որ 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակվելու, որովհետև ՔՕ-ով ՃՏՊ-ների վայրը լքելը այլևս հանցագործություն չէ, սակայն կնշանակվի այլ պատիժ, որով նախատեսվում է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:

«Վերդիկտի հետ կապված տուժող կողմը առարկություններ չունի, որովհետև ամբողջ մեղադրանքով ու ամբողջ ծավալով մեղավոր է ճանաչվել», – հավելել է նա:

Վարորդ մայոր Արամ Նավասարդյանը մեկնաբանություն չի տվել, նրա փաստաբանը ներկա չէր նիստին: Նա շարունակում է մնալ ազատության մեջ:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչու հղի կնոջ մահվան ելքով վրաերթից հետո ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, ասել է, որ ինքը կապ չունի նրա մահվան պատճառ դարձած վրաերթի հետ, քանի որ դա իր ավտոշարասյունը չէ, այլ «հանրային տրանսպորտն է, որ իրեն է հատկացված»։

«Դա իմ ավտոշարասյունը չէ, դա Հայաստանի վարչապետի «ավտոբուսն է», Հայաստանի վարչապետի անվտանգությունն ապահովող ինստիտուտն է։ Դա էլ իմ հանրային տրանսպորտն է, որ ինձ հատկացված է։ Կան պրոտոկոլներ այդ շարժումն ապահովելու համար, ինչ կապ ունի դա ինձ հետ, ընդհանրապես»,–ասել է նա։