AM
30 Հուլիս 2025 - 07:20 AMT

Կաթողիկոսն օրհնել է ՀՄԸՄ խաղերի մասնակիցներին․ «Թույլ չտանք, որ մեր կյանքում գերակայեն եղբայրատյացությունն ու կեղծիքը»

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի մոտ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։

Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ–ն հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է մարզախաղերի մասնակիցների օրհնության կարգ։

Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու բարեմաղթանքները բերեց հայորդիներին՝ գոհունակություն հայտնելով, որ ավանդական դարձած մարզախաղերի առիթով աշխարհի տարբեր կողմերից համախմբվել են հայրենիքում՝ մրցապայքարում դրսևորելու իրենց հմտություններն ու կարողությունները, միաժամանակ ճանաչելու և բարեկամանալու միմյանց հետ։

Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ դժվարություններին ու խնդիրներին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ արցախյան պատերազմի հետևանքով հայրենի երկիրը տակավին դիմագրավում է լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարիքի մեջ է տեղահանված արցախահայությունը, ներհասարակական կյանքում խորանում են անհամերաշխությունն ու անհանդուրժողությունը, գերակշռող են և խորապես անհանգստացնող ապագայի անորոշության զգացումները։

«Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, և համախումբ ջանքերով պիտի թույլ չտանք, որ մեր կյանքում գերակայեն եղբայրատյացությունը, կեղծիքն ու չարագործությունները և խաթարվի ազգային միասնականությունը։ Հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում անգամ պետք չէ հուսահատվել և հիասթափություն ապրել։ Դուք, որ ծնվել ու հասակ եք առել աշխարհի տարբեր երկրներում, ինչպես և Հայաստանում ու Արցախում, պատասխանատվություն ունեք մեր ժողովրդի լուսեղեն գալիքի կերտման գործում՝ ձեր ուժերն ու կարողությունները ծառայեցնելու ի սեր ազգի ու հայրենիքի»,–ասել է կաթողիկոսը։

Իր խոսքում Նորին Սրբությունը պատգամեց ուխատվորներին նաև անխախտ պահել իրենց ազգային ինքնությունը, հպարտանալ Հայոց պատմությամբ, նախնյաց կերտած ժառանգությամբ և հանուն արդարության, հանուն անկախ կյանքի հայ ժողովրդի մղած անդուլ պայքարի հզոր ոգով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։