AM
30 Հուլիս 2025 - 07:39 AMT

ԱԳՆ-ն հաստատել է Եկատերինբուրգում պատվո հյուպատոսի ազատումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի գործառույթները դադարեցվել են, հայտնում է ՍիվիլՆեթը։

Թե ինչու են դադարեցվել Սպարտակյանի գործառույթները, նախարարությունից չեն մեկնաբանել։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ պատվավոր հյուպատոսի գործառույթների դադարեցման պատճառը Սպարտակյանի անհամաձայնությունն է եղել Հայ առաքելական եկեղեցու հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետ, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը։

URA.RU–ի հետ զրույցում Սպարտակյանն ասել է․ «Ես անընդունելի եմ համարում Հայ առաքելական եկեղեցու՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության կարևոր հիմքի դեմ ուղղված ցանկացած գործողություն»։

Անդրադառնալով Կարապետյանի կալանքին՝ նա ասել է, որ շատ է հարգում նրան, քանի որ շատերի համար նա օրինակ է, թե ինչպես կառուցել և ստեղծագործել։

Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում նշված է, որ պատվավոր հյուպատոսին իր պարտականությունները կատարելուց ազատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

ԱԳՆ պաշտոնական կայքում Նարեկ Սպարտակյանը դեռ շարունակում է նշվել որպես Հայաստանի պատվավոր հյուպատոս Եկատերինբուրգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։