«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կտրուկ է արձագանքել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Սյունիքի վերաբերյալ արած հայտարարությանը՝ ընդգծելով, որ նա խնդիրն «այնպես է ներկայացնում, կարծես մենք ինչ-որ բան ենք փակել, ու հիմա լավ կլինի՝ բացենք»։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։
Նա նշել է, որ գուցե նախագահը տեղյակ չէ, «բայց Սյունիքի դարպասները ՀՀ համար բաց են՝ մտնում ենք Իրան և կարող ենք հասնել Հնդկաստան»։
«Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկից բեխաբար խայտառակություններ չխոսեն… «Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 43 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով, շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ», – հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Գուցե Խաչատուրյանը տեղյակ չէ, բայց Սյունիքի դարպասները Հայաստանի համար բաց են։ Այդ դարպասներով մենք մտնում ենք Իրան և կարող ենք հասնել Հնդկաստան։
Աշխարհում բոլորը գիտեն, որ մեր սահմանները շրջափակման մեջ են պահում Ադրբեջանը և Թուրքիան, իսկ ՀՀ նախագահը խնդիրը այնպես է ներկայացնում, կարծես մենք ինչ-որ բան ենք փակել, ու հիմա լավ կլինի՝ բացենք… Հայաստանը ունի դարպաս, և այդ դարպասը բաց է, սակայն եթե Վահագն Խաչատուրյանի տրամաբանությամբ առաջնորդվենք և «արտապատվիրակենք» կամ «վարձով տանք» զրկվելու ենք նաև մեր ունեցած դարպասից։ Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկը բեխաբար խայտառակություններ չխոսեն»,-գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանը, այդ ուղիների՝ այլ կազմակերպությանն արտապատվիրակելուն, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տվյալ հարցի շրջանակում քննարկվում են բազմաթիվ տարբերակներ, որոնք կարող են հնարավորինս պարզեցնել անցումն այդ ուղիներով, սակայն այժմ չկա որևէ հստակ պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ։ Փաշինյանի խոսքով՝ հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից կարելի է գոհ լինել, մի մասից՝ ոչ։






