AM
30 Հուլիս 2025 - 08:41 AMT

ՀՀ–ում կգործարկվի ԱԲ հավելված՝ աջակցելու տեղաշարժի սահմանափակում ունեցողներին

Հայաստանում մտադիր են թողարկել արհեստական բանականության (ԱԲ) օգնականով հավելված, որը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժվել քաղաքում: Քարտեզի վրա կցուցադրվեն տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար մատչելիության միջոցներով հագեցած բոլոր օբյեկտները՝ սրճարաններ, բանկեր, տրանսպորտի կանգառներ։ Այդ մասին ասել է «Jack Bot» ստարտափի համահիմնադիր Ռուբեն Սամարյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հավելվածը նաև տեղեկություն կտա հանրային զուգարանների մասին, որոնց քանակն ամբողջ քաղաքում ընդամենը չորսն է։

Սամարյանի դիտարկմամբ՝ ստարտափն ի վիճակի չէ նոր հարմարություններ կառուցել հաշմանդամների համար, սակայն կարող է առկա օբյեկտները մատչելի ձևով ցույց տալ քարտեզի վրա, հատկապես որ քաղաքում համապատասխան ցուցանակներ չկան:։

Հիմնական տվյալները կներբեռնվեն քարտեզի վրա, ընդ որում ծրագիրը օգտատերերի հետադարձ կապ ստեղծելու համար տվյալներ կհավաքի։ Օրինակ, քաղաքում արդեն կան որոշակի քանակությամբ թեքահարթակներ, և դրանք կարող են քարտեզագրվել: Որոշները չափազանց նեղ են, մյուսներն ունեն չափազանց կտրուկ անկյուն՝ անվասայլակը կարող է հետ կամ կողքից ընկնել: Անցումներում կան անվասայլակների համար նախատեսված վերելակներ, սակայն պարզվում է՝ դրանց մի մասը կոտրված է։ Հաշմանդամների համար կայանման ցուցանակներ կան, բայց դրանք հաճախ զբաղեցնում են այլ մեքենաներ:

«Քաղաքում հաշմանդամների համար կան հարյուրավոր խոչընդոտներ, որոնք կողքից տեսանելի չեն։ Հաշմանդամ ընկերոջս հետ զբոսանքներից մեկի արդյունքում ծնվեց առցանց էկոհամակարգ ստեղծելու գաղափարը՝ օգնելու նրան և իր նմաններին: Դա կարող է զգալ նույնիսկ սովորական մարդը, ով, օրինակ, երեխային տանում է մանկասայլակով։ Հիշենք թեկուզ դեպի Խանջյան՝ Վերնիսաժի անցումը. թեքահարթակ կա, բայց այնքան նեղ է, որ սայլակ չի տեղավորվում այնտեղ։ Եվ այդպիսի վայրեր քաղաքում տասնյակներով են», – ասել է Սամարյանը։

Օգտատերերը հավելվածում կկարողանան որոնում կատարել ինչպես տեքստային, այնպես էլ ձայնային հրամաններով։ ԱԲ համակարգը կպատասխանի հարցերին, իսկ լսողության խանգարում ունեցող անձանց համար պատրաստ կլինի փոխանցել տեղեկատվությունը ժեստերի լեզվով։ Ծրագիրը հասանելի կլինի երեք լեզվով, սակայն հիմնական ուշադրությունը կուղղվի հայերեն տարբերակի վրա։

«Չմոռանանք, որ Հայաստանում այս կամ այն տեսակի և աստիճանի հաշմանդամություն ունի մոտ 190 հազար մարդ։ Հույս ունենք, որ նման ուղեցույցը կհեշտացնի նրանց կյանքը, գուցե նույնիսկ կօգնի աշխատանք գտնել», – նշել է Սամարյանը։

Ներկայումս ստարտափը քննարկումներ է վարում տաքսի ծառայությունների մի շարք ագրեգատորների հետ՝ ծրագրում ներդնելու հատուկ բաժին, որտեղ կարելի կլինի կանչել հարմարեցված տաքսի։ Նման մեքենաները քիչ են, բայց կան։ Քարտեզում նախատեսվում է ընդգրկել նաև նոր ավտոբուսներ՝ հետ քաշվող հարթակներով և հաշմանդամների համար նախատեսված նստատեղերով։

Այս պահին ծրագրի նախնական բետա տարբերակը փորձարկվում է հաշմանդամություն ունեցող մի խումբ ակտիվ օգտատերերի կողմից։ Հավելվածը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել առաջիկա ամիսներին։