AM
30 Հուլիս 2025 - 09:32 AMT

Կոստանյանն ու Պաղեստինի պետնախարար Աղաբեկյանը խոսել են հնարավոր համատեղ ծրագրերի մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընթացքին, մտքեր փոխանակել հնարավոր համատեղ ծրագրերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրվել է պաղեստինցի դիվանագետների մասնակցությունը Հայաստանի դիվանագիտական դպրոցի կողմից իրականացված օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագրին:

Վահան Կոստանյանը և Վարսեն Աղաբեկյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: 2024–ի հունիսին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։