AM
30 Հուլիս 2025 - 10:30 AMT

Դատախազությունը վիճարկում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հողերի օրինականությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արտաշատ համայնքի՝ վիճարկելով հողատարածքների առուվաճառքի այն պայմանագրերը, որոնք կնքվել են Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ ու որդու հետ։ Այս տեղեկությունը հրապարակված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

Երկու ներկայացված հայցերից մեկը վերաբերում է Արգամ Աբրահամյանի՝ Մխչյան համայնքի հետ կնքած պայմանագրի վերացմանը, իսկ մյուսը՝ Ջուլիետա Աբրահամյանի և նույն համայնքի միջև կնքված պայմանագրին, հայտնում է Sputnik Արմենիան։

Դատախազությունն ապօրինի է համարել Մխչյան համայնքի ղեկավարի կողմից ընդունված երեք որոշումները, որոնց հետևանքով, ըստ գնահատականի, առանց իրավական հիմքերի փոխանցվել են պահուստային հողային ֆոնդին պատկանող երեք հողամասեր՝ համապատասխանաբար 8.9 հա, 7.2 հա և 4092 քմ մակերեսներով։

Ըստ փաստերի, այդ հողատարածքներից 16.1 հեկտարի սեփականատերն այժմ Արգամ Աբրահամյանն է, իսկ 4092 քմ տարածքը պատկանում է Ջուլիետա Աբրահամյանին։ Նշված գործարքները կատարվել են 2003 և 2004 թվականներին։

Արգամ Աբրահամյանի դեմ գործերից մեկով, որով դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մխչյան համայնքում 2004 թ․ հողամասի աճուրդով վաճառքը, դատախազությունը նախ դիմել էր վարչական դատարան։ Սակայն վարչական դատարանը գործը չի քննել, քանի որ գտել է, թե այն վերաբերում է մասնավոր՝ քաղաքացիական իրավունքի ոլորտին, մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանն այլ կարծիք ունի։

Քանի որ դատարանները տարակարծիք են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը 2025 թ․ հուլիսի 23-ին որոշում է կայացրել դիմել Վճռաբեկ դատարան, որը կորոշի՝ որ դատարանն է իրավասու քննելու գործը։