Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար» շարժման՝ խաղաղ ակցիա իրականացնող աջակիցներ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանն ու Հովնաթան Դեմիրճյանը, հայտնում է Panorama.am-ը։
Երիտասարդները պահանջում էին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
ՆԳՆ–ից ասել են, որ նրանք բերման են ենթարկվել հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար։
«Այսօր՝ ժամը 08։55-ին, երեք հոգի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել են Մալաթիայի բաժին, կազմվել են արձանագրություններ։ Նրանք արդեն ազատ են արձակվել»,- ասել են ոստիկանությունից։
172.2 հոդվածով՝ փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:






