AM
30 Հուլիս 2025 - 11:35 AMT

Սարիկ Մինասյանը կարող է նշանակվել ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է ընկերության Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանին։ Լուրը հաստատել են ՀԷՑ–ից, գրում է Sputnik Արմենիան։

ArmLur.am-ի տվյալներով՝ Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվում է «Ղարս» մասնաճյուղի նոր տնօրենի պաշտոնում նշանակել ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու և ներկայումս քաղաքային ավագանու անդամ Սարիկ Մինասյանին։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Սարիկ Մինասյանն արդեն տվել է իր համաձայնությունը Գյումրու ՀԷՑ-ի ղեկավարումը ստանձնելու համար։

ԶԼՄ–ն ավելի վաղ գրել էր, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:

ԱԺ–ն հուլիսի 3-ին 65 կողմ, 27 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը վերաբերում է ՀԷՑ-ի պետականացմանը։

Դեռ հունիսի 18-ին՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից մի քանի ժամ առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եկել է ժամանակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ազգայնացնելու։ Նա նաև զգուշացրել է, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցում պետության հետ, կազատվեն աշխատանքից։ Հունիսի 24-ին նա նշել է, որ ՀԷՑ-ի պետականացման ծրագիրը պատրաստ է։

Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ ՀԾԿՀ-ն պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նույն օրը հանձնաժողովը, հիմք ընդունելով կառավարության ներկայացրած հաղորդումը, ՀԷՑ-ի նկատմամբ վարույթ է հարուցել։