«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Նա հայտնել է, որ հետայսու, գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները միաժամանակ փոխանցելու են նաև ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններին:
«Նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի պայմաններում քննչական կոմիտեի կողմից միակողմանի ու թերի տեղեկությունների տարածումը` այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին` պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու մասին:
Առաջին անգամ քննչական կոմիտեն հրապարակեց մոնտաժված ձայնագրություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրվում էր բովանդակությունը /օրինակ` գլխավոր դատախազի` խորհրդարան ներկայացրած նյութերի հետ համեմատելով/
Առաջին անգամ չէինք բացառել փոքր հավանականությունը, որ դա կարող է լինել շտապելու կամ թերի տեղեկացված լինելու արդյունք:
Բայց երբ քննչական կոմիտեն, ստանալով թերությունների մասին առարկությունները, հաջորդիվ առանց փոփոխությունների սկսեց տարածել մոնտաժված ձայնագրությունների անգլերեն թարգմանությունը, պարզ դարձավ, որ նպատակը ոչ միայն հայ հասարակության մոլորեցումն է, այլև արտաքին աշխարհին կեղծ քարոզչական, բայց ոչ երբեք իրավական նյութի մատուցումն է:
Ուստի, հետայսու, գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները միաժամանակ փոխանցելու ենք նաև ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններին»,–ասվում է գրառման մեջ։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։






