AM
30 Հուլիս 2025 - 12:14 AMT

ՀՀ–ում թրաֆիքինգի գրանցված դեպքերն ավելացել են

Հայաստանում առավել շատ տարածված թրաֆիքինգի տեսակներից է հարկադիր կամ պարտադիր աշխատանքը և նաև սեռական շահագործման ձևերը։ Այդ մասին ասուլիսում ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը:

Նա վիճակագրություն է ներկայացրել, որը վկայում է դեպքերի աճի մասին, գրում է Radar Armenia-ն։

«2020 թվականին հանրապետությունում գրանցված թրաֆիքինգի դեպքերը 10-ն են եղել, որոնցից 1-ը սեռական շահագործման դեպք, 2021 թվականին՝ 16 քրեական գործ, որոնցից 7-ը աշխատանքային, 9-ը սեռական շահագործման վերաբերյալ։ 2022 թվական՝ 8 քրեական գործ, 4-ական դեպք աշխատանքային և սեռական շահագործման, 2023 թվականին 27 քրեական վարույթ է նախաձեռնվել, 4-ը՝ սեռական, 23-ը աշխատանքային շահագործման վերաբերյալ։

2024 թվականին 38 քրեական վարույթ է հարուցվել, որոնցից 20-ը սեռական շահագործման, 18-ը՝ աշխատանքային շահագործման, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում 22 քրեական վարույթ է եղել, որոնցից 15-ը սեռական շահագործման, 7-ը աշխատանքային շահագործման դեպքեր են»,– մանրամասնել է Կիրակոսյանը։