ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հրաժարվել է տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ուղեկցել ատամնաբուժարան։ Այդ մասին տեղեկացրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, գրում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով դատական համակարգին, որ նման ուղեկցումներն իր պարտականության մեջ չեն մտնում։ Ոստիկանությունը պնդում է, որ ուղեկցում է միայն դեպի դատարան՝ դատական նիստերի, մնացած բոլոր ուղեկցումները ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության տիրույթում են։ Աթանեսյանը նշել է, որ օրենքի տեսանկյունից ոստիկանությունը ճիշտ է ասում, ատամնաբուժարան ուղեկցելն իր պարտականությունը չէ, բայց Պրոբացիայի ծառայությունն էլ ուղեկցում իրականացնելու հնարավորություն չունի, այդ թվում՝ համապատասխան մեքենա։
«Ստացվում է, որ տնային կալանքի տակ գտնվող մարդիկ ավելի վատ վիճակում են, քան կալանավորները, որովհետև նրանց համար կան բուժմասեր, կա հատուկ ՊՈԱԿ, որ զբաղվում է նրանց առողջությամբ, հիվանդանոց տանելով և մնացած հարցերով, իսկ տնային կալանքի մեջ գտնվող մարդը, եթե մահամերձ կամ ծայրահեղ վիճակում չէ, չի կարող ստանալ ոչ մի բուժօգնություն»,- ասել է Աթանեսյանը։
Աթանեսյանը հավելել է, որ իր տեղեկություններով՝ դատավոր Վահե Դոլմազյանը, որը քննում է Աշոտյանի գործը, արդեն մի քանի դեպքով փոխել է տնային կալանքը վարչական հսկողության, քանի որ առողջական խնդիրներով մարդիկ չեն կարողացել ստանալ ուղեկցման անհրաժեշտություն։ Նա վստահեցրել է, որ դատական համակարգում նմանատիպ իրավիճակներ հաճախակի են, սակայն Աշոտյանի նկատմամբ, ըստ պաշտպանի, կիրառվում է ընտրողական մոտեցում՝ հաշվի առնելով նրա քաղաքական կարգավիճակը։
«Փաստորեն տնային կալանքն անիմաստ է և վտանգավոր մարդկանց առողջության համար։ Կա պետության գործառույթ, որը պետական որևէ մարմին չի կատարում, էդ մարդկանց չեն թողնում անգամ իրենց միջոցներով մի քանի ժամով բացակայել, բժշկի գնալ ու վերադառնալ»,- նշել է Աթանեսյանը։
Նա նշել է, որ Աշոտյանը վերջին անգամ ատամնաբույժի է այցելել փետրվարին, իսկ հաջորդ այցելությունը նախատեսված է եղել երկու ամիս առաջ։ Սակայն, տարբեր պատճառներով միջնորդությունը ժամանակին չի ներկայացվել։
«Ամսվա սկզբին դատարանը թույլ տվեց, որ պարոն Աշոտյանը 6 անգամ այցելի ատամնաբուժարան։ Ժամերով, օրերով թույլ է տրվել։ Դատարանն առերևույթ իր գործն արել է, բայց ում է պետք այդ գործը, եթե դատարանը գիտեր, որ այն չի իրագործվելու»,- նշել է Աթանեսյանը։
Նա հավելել է, որ շարունակելու է պաշտպանել Աշոտյանի իրավունքը՝ անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու համար։
Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսի 16-ին։ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին դատարանը որոշում է կայացրել փոփոխել նրա խափանման միջոցը։ Սակայն դրանից հետո նրա կալանքի պայմանները չեն փոխվել, քանի որ դատական ատյանները մերժել են ներկայացված միջնորդությունները։ Հունիսի 9-ին հայտնի է դարձել, որ դատարանը երկարաձգել է Աշոտյանի տնային կալանքը ևս երկու ամսով։ Որոշման համաձայն՝ նա կմնա տնային կալանքի տակ մինչև օգոստոսի 11-ը։
Նշենք նաև, որ Աշոտյանը, ինչպես նաև Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են մոտ 100 հազար դոլարի արժեքով համալսարանին պատկանող գույք հափշտակելու մեջ։ Նրանց վերագրվում է «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջների գնումը՝ արհեստականորեն բարձր գներով (հետագա «ատկատներով»), այն ժամանակահատվածում, երբ Աշոտյանը հանդիսացել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը։






