AM
30 Հուլիս 2025 - 12:57 AMT

ԿԽՄԿ-ն վերջին անգամ հունիսին է տեսակցել հայ գերիներին. Երբ կլինի մյուս այցը, հայտնի չէ

Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների հետ վերջին տեսակցությունը և նրանց վերջին կապն ընտանիքների հետ ԿԽՄԿ-ն կազմակերպվել է այս տարվա հունիսին։ Այդ մասին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Թե հաջորդ այցը երբ կլինի, հայտնի չէ, գրում է Sputnik Արմենիան։

«Այս պահին դեռևս չկա որևէ հաստատում հերթական այցի առնչությամբ՝ Ադրբեջանի Կարմիր խաչի գրասենյակի հետագա գործունեության խնդիրների հետ կապված»,–ասել է նա։

Անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ մտադիր է փակել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը` Ամատունին հայտնեց, որ այն դեռևս չի փակվել, բայց գտնվում է փակման շեմին։ Նա հավելեց` Կարմիր խաչը հումանիտար հարցերի շուրջ բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ներառյալ Ադրբեջանում կալանավորված անձանց այցելությունների հարցերով։

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում ներկայում պահվում է 23 հայ գերի։ Նրանցից 5-ը գերեվարված են 2020 թվականին, իսկ մյուսները՝ 2023-ին։