AM
30 Հուլիս 2025 - 14:46 AMT

Միքայել սրբազանը կմնա կալանքի տակ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը ասել է, որ մերժման հիմքերին առայժմ չեն ծանոթացել, քանի որ դատարանի որոշման գրավոր տարբերակը դեռ չեն ստացել, սակայն պնդել է. «մերժումն անհիմն է», հայտնում է «Ազատությունը»։

Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Քննչական կոմիտեն հայտնել է, թե գործի նախաքննությունը համարվում է ավարտված։ Պաշտպանները այս հանգամանքը ներառել են իրենց բողոքում՝ շեշտելով, որ նման պայմաններում սրբազանը չի կարող խոչընդոտել նախաքննության ընթացքին, ինչին նախկինում հղում էր անում մեղադրող կողմը։

Երեմ Սարգսյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ իրենք որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարան, իսկ անհրաժեշտության դեպքում նաև չեն բացառի դիմումի ներկայացումը Եվրոպական դատարան։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին, ով այդ պաշտոնը զբաղեցրել է արդեն 25 տարի, մեղադրանք է առաջադրվել իշխանության զավթման կոչեր հնչեցնելու համար։ Քրեական գործը հիմնված է մեկ տարի առաջ տրված նրա հարցազրույցի վրա, որտեղ բարձրաստիճան հոգևորականը խոսել է հեղաշրջման անհրաժեշտության մասին։