Բաքվի բանտում պահվող հայ գերիների ընտանիքներին Կարմիր խաչից միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) փոխանցել են՝ այլևս չեն այցելելու գերիներին:
«Մեզ՝ ընդհանուր բոլոր գերիների հարազատներին, ասել են, որ Կարմիր խաչն ընդհանրապես չի այցելելու, էլ հարաբերություն չունենք գերիների հետ», – ասել է գերիներից մեկի հարազատը, հայտնում է «Ազատությունը»։
Այս նորությունը խորը անհանգստություն է առաջացրել գերիների ընտանիքներում, քանի որ ԿԽՄԿ-ն հանդիսացել է միակ միջազգային կառույցը, որը կարողացել է հանդիպել բանտարկված հայերին, տեղեկանալ նրանց առողջական վիճակին, փոխանցել առաջին անհրաժեշտության իրեր և կազմակերպել տեսակապ հարազատների հետ։
«Միակ միջոցը Կարմիր խաչն էր, որ ընտանիքների հետ կապում էր, մի քիչ էդ մարդկանց մոտ լույս էր վառվում, էդ էլ անջատեցիք, էդ էլ կտրեցիք», – նշել է գերիներից մեկի հարազատը՝ շեշտելով, որ այս որոշումը կործանարար է և հարվածում է թե՛ գերիներին, և թե՛ նրանց ընտանիքներին։
ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ասել է, որ վերջին այցելությունը հայ գերիներին կատարվել է հունիս ամսին, իսկ հուլիսին այցելություն տեղի չի ունեցել։ Ըստ Ամատունու՝ Ադրբեջանի կառավարության պահանջով ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը։
«Բնականաբար, այդ հարցով է պայմանավորված մեր աշխատանքի բնականոն ընթացքի խաթարումը այս պահի դրությամբ: Կազմակերպությունը կկասեցնի իր գործունեությունը Ադրբեջանում առաջիկայում», – նշել է Ամատունին։
Հարցին՝ արդյոք սա նշանակում է, որ Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի փակմամբ դադարելու են նաև գերիների այցելությունները, Ամատունին հայտնել է, որ այս հարցը դեռ քննարկման փուլում է Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն ներկայում որևէ հստակություն չկա։
Նա հավելել է, որ անգամ մինչ գրասենյակի վերջնական փակումը, քիչ հավանական է, որ ԿԽՄԿ-ն կարողանա ևս մեկ անգամ այցելել գերիներին, քանի որ Ադրբեջանի կողմից որևէ հաստատում այդ հնարավորության վերաբերյալ ստացված չէ։
«Խոսքը գնում է հայ պահվող անձանց մասին, բայց ոչ միայն, մեր աշխատանքի շրջանակում նաև գտնվում է հարցը, որը վերաբերում է անհայտ կորածների և իրենց ընտանիքների մասին ու ի վերջո որոշակի պատասխանների, որոնք իշխանությունները պետք է տան ընտանիքներին, որոնք սպասում են այսքան երկար իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ: Խոսքը գնում է նաև նման հարցերի մասին, ոչ միայն պահվող անձանց, բայց, այո, բնականաբար, բոլոր հարցերը քննարկման փուլում ենք», – ասել է Ամատունին։
Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատներին չի գոհացնում իշխանության կողմից պարբերաբար հնչող այն հավաստիացումը, թե զբաղվում են գերիների վերադարձի հարցով։
«Մի ամիս սպասենք, երկու ամիս, երեք ամիս, չի կարելի տարիներով սպասել, ասել՝ զբաղվում ենք: Եթե մարդը մի բանով զբաղվում է, թեկուզ չնչին արդյունքը երևում է գոնե մի տեղ»,–ասել են նրանք։
Տարիներ շարունակ իրենց հարազատների վերադարձին սպասող գերիների ընտանիքները դիմում են Հայաստանի իշխանություններին, որ գոնե աջակցություն տրամադրեն սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին։
«Գոնե էդ 40+10 վերականգնեն, գոնե գերիների ընտանիքների մարդիկ գոյատևեն, մինչև տեսնենք ինչ են որոշում գերիների հարցով: Ընտանիքները ծանր վիճակում են, ես բոլորի անունից կխնդրեի պարոն Փաշինյանին գոնե աջակցեին գերիների ընտանիքներին»,–ասել է հարազատներից մեկը։
Այն հարցին՝ իսկ գերիների վիճակն ինչպե՞ս է, ի՞նչ են ասում, գերիներից մեկի հարազատը պատասխանեց. «Ոնց պետք է լինեն, իհարկե վատ, անընդհատ տուն են ուզում գալ, կխնդրեմ թեկուզ աշխարհին՝ գոնե օգնեն այդ մարդկանց տուն վերադառնան»:
Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հարազատները հանդիպում են խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ անձամբ նրա հետ իրենց հուզող հարցերը քննարկելու համար:
Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների միակ կապը հարազատների հետ ներկայում իրականացվում է ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվող հեռախոսազանգերի միջոցով։






