Ադրբեջանը nչնչաgրել է Ստեփանակերտում տեղադրված հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, հայտնում է Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։
Նշվում է, որ գործակալությունը շարունակում է փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը հայաթափված Արցախում։
«Ցավով արձանագրում ենք, որ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից, այն բանից հետո, երբ 2023 թվականին Արցախի ողջ բնակչությունը բռնությամբ տեղահանվեց հայրենիքից։
Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։
Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձեւակերպի արժանի գնահատական։
Մենք հիշում ենք։ Մենք արձանագրել ենք։ Մենք վերադառնալու ենք»,–ասվում է հրապարակման մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






