AM
31 Հուլիս 2025 - 06:30 AMT

Կոստանյան․ ՀՀ–ն լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջազգային համաժողովին, որը նվիրված է Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը և «երկու պետություն» սկզբունքի իրագործմանը, ասել է, որ ՀՀ–ն համոզված է՝ միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությունն է, որ կարող է երաշխավորել երկարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարօրություն ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար։

Նա նշել է նաև, որ ՀՀ–ն լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի։

Կոստանյանը տեղեկացրել է, որ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում։

«Լինելով երկու պետություն սկզբունքի հետևողական աջակից՝ Հայաստանը 2024–ի հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։ Այս համատեքստում Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինի Պետության ճանաչման և Միացյալ Թագավորության՝ այն ճանաչելու մտադրության վերաբերյալ վերջին հայտարարությունները:

Առանձնահատուկ հպարտ ենք, որ Ֆրանսիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում՝ «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի շրջանակում՝ ճանապարհ հարթելով այս պատմական իրադարձության համար:

Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում։ Հայաստանի վարչապետի և Եգիպտոսի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազա և մենք սատարում ենք ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գործունեությանը:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թույլ տվեք նաև հայտարարել, որ համաձայնության ենք եկել Պաղեստինի հետ, ըստ որի՝ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: Հայաստանը նաև ընդգծում է երկու պետություններում քրիստոնեական համայնքների ապահովության, անվտանգության և ամբողջական իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը: Հայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։

Պարո՛ն համանախագահ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից ի վեր, որն ուղեկցվել է աննկարագրելի բռնությամբ, կոտորածներով և պատանդառություններով և որոնք մենք խստագույնս դատապարտում ենք, ականատես ենք լինում տարածաշրջանի վատագույն էսկալացիային՝ միլիոնավոր անմեղ քաղաքացիական անձանց՝ կանանց, երեխաների և տարեցների համար ողբերգական հետևանքներով։ Այս բոլոր աղետների լուծումը հստակ է»,–ասել է Կոստնյանը։

Նա հավելել է, որ պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, պետք է հրադադար հաստատվի և ամրապնդվի՝ հետագա արյունահեղությունը կանխելու համար, պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն բոլոր պահվող անձինք և գերիները՝ միաժամանակ ապահովելով հումանիտար օգնության անխոչընդոտ հոսքը։

«Ամենակարևորը՝ «երկու պետություն» լուծման սկզբունքի հիման վրա բանակցությունները պետք է դիտարկվեն որպես Միջին Արևելքում երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու միակ և կենսունակ ուղին։ Թույլ տվեք խոսքս ավարտել՝ կրկին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային և Սաուդյան Արաբիային՝ այս կարևոր համաժողովը համանախագահելու համար և, որպես տարածաշրջանային զարգացումներում կարևոր ներգրավվածություն ունեցող երկիր, վերահաստատելով մեր ամուր աջակցությունը Մերձավոր Արևելքում տևական խաղաղության և բարօրության հաստատմանը»,–ասել է փոխնախարարը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընթացքին, մտքեր փոխանակել հնարավոր համատեղ ծրագրերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրվել է պաղեստինցի դիվանագետների մասնակցությունը Հայաստանի դիվանագիտական դպրոցի կողմից իրականացված օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագրին: