AM
31 Հուլիս 2025 - 06:52 AMT

Մանթաշյանը` ՔԿՀ-ից. Ինձ մի խղճացեք, հայրենիքի համար կալանավորվելը պատիվ է

«Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից բաց նամակ է հղել՝ ուղղված իր աջակիցներին ու հանրությանը։

Նո հորդորել է չխղճալ իրեն և իր աջակիցներին, քանի որ «հայրենիքի համար կալանավորվելը պատիվ »։

«Իմ մասին բոլոր մտահոգվողներին… Այո, ես կալանավորված եմ, բայց ես ո՛չ գողություն եմ արել, ո՛չ սպանել եմ (ոչ էլ պլանավորել), ո՛չ թմրանյութ եմ վաճառել… Մի խոսքով՝ ես հանցագործ չեմ, չեմ արել հակաօրինական որևէ գործողություն։ Ես իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը՝ ցանկացել եմ խաղաղ անհնազանդության գործողություններով հասնել իշխանափոխության։ Ես կալանավորված եմ մեկ մարդու (Ն.Փ.) քմահաճույքով։

Ես և ինձ հետ կալանավորված մյուս անձինք կալանավորվել են հանուն Հայրենիքի պայքարելու համար, իսկ… հայրենիքի համար կալանավորվելը պատիվ է մեզ համար (Բագրատ Սրբազան)։ Այնպես որ, ինձ/մեզ կամ մեր հարազատներին մի՛ խղճացեք։ Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս տարուն (մահվան 1-ին տարելիցին) չմասնակցելն է…»,–ասվում է նրա ուղերձում։

Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր, ինչպես ինքն է գրել, աղոթում են իր և մյուս կալանավորվածների համար, բերում են հանձնուքներ, այցելում են հարազատներին կամ պարզապես չեն մոռանում իրենց։

«Իսկ Բագրատ Սրբազանի մասին կասեմ հետևյալը. Սրբազանը մեր ժամանակների մեծագույն մտածողներից է, որը մինչև այսօր չի՛ ունեցել խաղաղ ժամանակ, որպեսզի ամբողջությամբ նվիրվի ստեղծագործական աշխատանքին, քանի որ մշտապես մեր պետության, պետության սահմանապահ բնակավայրերի, սահմանային դիրքերի, սփյուռքյան հայկական համայնքների ամրացման ու բարգավաճման գործին է նվիրված եղել՝ եկեղեցու ծառայությանը միախառնելով այն 24/7 ռեժիմով՝ ո՛չ հստակ ուտելու ժամանակ, ո՛չ էլ հստակ քնելու ժամանակ ունենալով (երդվյալ ՔՊ-ականներն էլ գիտեն դրա մասին)։

Մեր եկեղեցու մեծ հայրերը որևէ արժեքավոր գործ ստեղծելիս կամովին առանձնացել են ու աղոթքով՝ Տիրոջ առաջնորդությամբ ստեղծագործել։ Այսօր Բագրատ Սրբազանը առանձնացման մեջ է։ Սրբազանին լավ ճանաչելով՝ վստահ եմ՝ այս բանտարկության (առանձնացման) ժամանակահատվածում նա կստեղծի հավերժական ինչ-որ գործ։ Ուստի, շնորհակալ եմ Տիրոջն այս օրերի համար։ Փառք Քեզ Աստուած, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տէր, փառք Քեզ»,–գրել է Մանթաշյանը։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։