AM
31 Հուլիս 2025 - 07:29 AMT

Ասրյան․ Հայ-չինական համագործակցությունը զգալիորեն խորացել է, այդ թվում՝ ռազմական ոլորտում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանն այդ երկրի բանակի 98-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Չինաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են համագործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ ռազմական փոխգործակցությունը։

«Ժամանակակից չինական բանակն արդեն 98 տարեկան է, բայց այն ոգեշնչվում է հազարամյա պատմություն ունեցող Չինաստանի ազատության և անկախության պաշտպանների մարտական ոգով ու փառքով։ Դարեր շարունակ չինացի մարտիկը հանդիսանում է արիության և անձնվիրության օրինակ։ Նրա անսահման նվիրվածությունը հայրենիքին և ռազմական արհեստավարժությունը սկիզբ են դրել այն ստեղծագործական ուժի ծագմանը, որն օգնել է չին ժողովրդին դիմակայել ամենածանր պայմաններին»,–ասել է Ասրյանը, հայտնում է Արմենպրեսը։

Ասրյանը շեշտել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենում Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծում, ինչը համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» հայաստանյան նախաձեռնությանը։

Նա նշել է, որ Երևանը կարևորում է Չինաստանի հետ համատեղ զարգացման ռազմավարությունը՝ ուղղված համաշխարհային խաղաղությանն ու համամարդկային համակեցությանը։

«ՉԺՀ-ի հետ պաշտպանական ոլորտում փոխգործակցության զարգացումը գտնվում է ՀՀ ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, և այս համատեքստում մեզ համար առավել կարևոր են պաշտպանական գերատեսչությունների ղեկավար կազմերի մակարդակով մշտական գործնական շփումները։ Ակտիվորեն ամրապնդվում է մեր փոխգործակցությունն անվտանգության բնագավառում։ 2023-24 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում կայացած Սյան-Շանի միջազգային անվտանգության հարցերով 10-րդ և 11-րդ համաժողովներին, որոնց շրջանակում արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալի և պաշտպանության նախարարի հետ, ինչը խթան է հանդիսացել երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման համար»,- նշել է գլխավոր շտաբի պետը։

Ասրյանը հավելել է, որ երկկողմ ամենամյա ծրագրերով շարունակաբար իրականացվում են պատվիրակությունների փոխայցելություններ, փորձագիտական հանդիպումներ և համագործակցություն տարբեր կարևոր ուղղություններով։ Նա նշել է, որ ռազմագիտական ոլորտում ամուր կապեր են ձևավորվել ՉԺՀ Ռազմական գիտությունների ակադեմիայի և ՀՀ ՊՆ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև։

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի կառավարության որոշումը՝ ՉԺՀ ուսումնական հաստատություններում ՀՀ զինված ուժերին հատկացված տեղերի վերաբերյալ, որոնց քանակը տարեցտարի ավելանում է։ Բավականին բարձր արդյունավետությամբ է իրականացվում ՉԺՀ կառավարության և զարգացող պետությունների միջև միջազգային համագործակցության ծրագիրը, որի համաձայն՝ ընթացիկ տարում Չինաստանում կազմակերպված սեմինարների մեկնել են մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ու ԶԼՄ ներկայացուցիչները, կապի ստորաբաժանումների մասնագետները, տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության ապահովման մասնագետներն ու այլոք»,- ասել է Ասրյանը։

Իր ելույթի ավարտին գեներալ-լեյտենանտ Ասրյանը վստահեցրել է, որ հայ-չինական համագործակցությունն ունի կայուն զարգացում, և առաջիկայում երկու կողմերը նախատեսում են այն ընդլայնել մի շարք նոր ուղղություններով։