AM
31 Հուլիս 2025 - 07:32 AMT

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար կծախսվի 340,000 դոլար

Հայաստանի կառավարությունը նախատեսել է 130․6 մլն դրամ (340 հազար դոլար) ծախսել «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման համար, հայտնում է Sputnik Արմենիան։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2025 թվականի դեկտեմբերին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արարողությունը կտևի մոտ երկու ժամ և նախատեսվում է հյուրընկալել առավելագույնը 1200 մասնակցի։

Միջոցառումը տեսաձայնագրվելու է և եթեր հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերության եթերում՝ 2026 թվականի հունվարի 1-ին։

Պետական գնումների փաստաթղթերից պարզ է դարձել, որ կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության կողմից, որի հետ համապատասխան պայմանագիր արդեն իսկ կնքվել է։

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակը շնորհվում է բիզնեսի կամ կրթության ոլորտում լավագույն նախաձեռնությունների ու նախագծերի հեղինակներին։