ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է ՀՀ դիրքորոշումը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։
Նա նշել է, որ «ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող արտապատվիրակվել, երկաթուղու, խողովակաշարի բիզնես–կառավարումը՝ կարող է»։
Նա նշել է, որ հայաստանյան մամուլում որոշակի խճճվածություն է ձևավորվել տարածաշրջանով անցնող տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ, ինչի արդյունքում լրատվամիջոցները հակասություններ են արձանագրել պաշտոնական հայտարարություններում։
«Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ թեման բազմաթիվ նրբություններ ունի, որոնք երբեմն ավելի են բարդանում որոշակի տերմիններով զուգորդվելու դեպքում՝ վարձակալություն, լիզինգ, կառուցապատման իրավունք, արտապատվիրակում։ Տերմիններից յուրաքանչյուրն, անշուշտ, կարող է տարբեր իմաստ ունենալ՝ կապված այն բանի հետ, թե կոնկրետ ինչին է վերաբերում։
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիների համար խնդիրը թեթեւացնելու նպատակով ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։
Եվ, ընդհակառակը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն քննարկում է տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների շահագործման տարբեր բանաձեւեր, այլեւ շահագրգիռ է բանաձեւերից որեւէ մեկի շուրջ համաձայնության գալու հարցում։
ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, թե Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու, միանշանակ խոսում են այնպիսի բանաձեւերի մասին, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։
ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր խոսում են քննարկումների մասին, նկատի են առնում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում գտնվող բանաձեւեր, կառուցապատման իրավունքներ եւ այլն, որոնց մասին վարչապետ Փաշինյանը խոսել է հուլիսի 16-ի ասուլիսի ընթացքում։
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է։ Ի դեպ, ավտոճանապարհների սպասարկումը, կառավարումը Հայաստանում այսօր ու միշտ էլ արտապատվիրակվում է մասնավոր ընկերությունների։ Այլ բան, թե ով ինչ որակով է իրականացնում այդ կառավարումը։ Բայց սա քննարկվող թեմայի հետ կապ չունի»,- գրել է Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանը, այդ ուղիների՝ այլ կազմակերպությանն արտապատվիրակելուն, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տվյալ հարցի շրջանակում քննարկվում են բազմաթիվ տարբերակներ, որոնք կարող են հնարավորինս պարզեցնել անցումն այդ ուղիներով, սակայն այժմ չկա որևէ հստակ պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ։ Փաշինյանի խոսքով՝ հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից կարելի է գոհ լինել, մի մասից՝ ոչ։






