AM
31 Հուլիս 2025 - 10:51 AMT

ՄԻՊ-ը՝ հիվանդ պատանու զորակոչի մասին․ Այս պահի օրենսդրությունն այդպիսին է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է վերջին օրերին հրապարակված դեպքին, երբ առողջական խնդիրներ ունեցող պատանուն զորակոչել են բանակ, ինչից անմիջապես հետո նրա վիճակը կտրուկ վատթարացել է, և նա արդեն մոտ մեկ ամիս հոսպիտալում է։

«Այո տեղյակ ենք…Այս խնդիրների վերաբերյալ, իհարկե, ոչ անուն-ազգանուններ ներկայացնելով, պարբերաբար փորձում ենք նաև ընդհանուր գլոբալ խնդիրները ներկայացնել»,- հայտարարել է Մանասյանը, գրում է Panorama.am-ը։

ՄԻՊ-ը շեշտել է, որ օրենսդրությամբ հստակ սահմանվում է, թե ինչ դեպքերում է քաղաքացին ազատվում պարտադիր զինծառայությունից, իսկ երբ է համարվում սահմանափակումով պիտանի։

«Այս պահի օրենսդրությունն է այդպիսին»,-ասել է Մանասյանը՝ հիշեցնելով, որ դրա վերաբերյալ իր տեսակետները հայտնել է, որ այն լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների համար, այլև զինված ուժերում ծառայության տեսանկյունից և հետագայում էլ քննարկումներ կունենան և լուծումներ կլինեն։

ՄԻՊ-ը տեղեկացրել է նաև, որ իր աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են հոսպիտալ, որտեղ տեսակցել են հիվանդ զինծառայողին։ Նա հավելել է, որ այդ այցի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ հաղորդագրություն կտարածեն։