AM
31 Հուլիս 2025 - 11:16 AMT

Արցախից բռնի տեղահանված 30,000 մարդ օգնություն կստանա ՌԴ–ից

Հումանիտար նախաձեռնություն է սկսվել Հայաստանում՝ նպատակ ունենալով աջակցել Արցախից բռնի տեղահանված բնակչությանը։

«Ռուսական մարդասիրական առաքելությունը» և «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հովանու ներքո, գործարկել են լայնածավալ մարդասիրական ծրագիր, ուղղված Արցախից տեղահանվածների աջակցությանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանում «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արսենի Պրոնինը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է հուլիսի 31-ին և շարունակվելու է օգոստոսին։ Նախատեսվում է, որ մոտ 30 հազար բռնի տեղահանվածներ կստանան օգնություն, որի ընդհանուր քաշը գերազանցում է 140 տոննան։

Օգնության տրամադրումը սկսել են Մասիս համայնքում։

Պրոնինը տեղեկացրել է, որ այս անգամ սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթների հետ կտրամադրվեն նաև հատուկ հավաքածուներ՝ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Դրանք կներառեն մանկական սնունդ, այդ թվում՝ շիլաներ, խյուսեր, քաղցրավենիք և խնամքի միջոցներ։

«Թիրախային լսարանը ձևավորելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել մեկ կամ երկու կերակրող կորցրած ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին»,- նշել է «Ռուսական մարդասիրական առաքելության» ներկայացուցիչը։

«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ և Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան իր ելույթում շեշտել է, որ նման նախաձեռնությունները երբեմն ավելի արդյունավետ են, քան պաշտոնական արարողությունները, քանի որ ներկայացնում են ժողովուրդների միջև համագործակցության հիմքում դրված իրական համախմբվածությունն ու բարեկամությունը։

Նա ավելացրել է, որ մարդասիրական աջակցությունը մշտապես եղել է «Եվրասիա» ՀԿ-ի առանցքային ուղղություններից մեկը։

«Ինքս Մերձդնեստրից եմ և շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ոչինչ անել չես կարող», –ասել է Արշինովան։

Նա ընդգծել է, որ «Եվրասիա» կազմակերպությունը մարդասիրական նախագծերի օգնությամբ կառուցում է վստահության կամուրջներ։

«Ռուսաստանը ձեզ հետ է» անվանումը կրող ծրագրի շրջանակում մեկնարկած նախաձեռնության առաջին փուլը կլինի օգոստոսի ընթացքում։ Օգնության կետեր գործելու են մի շարք քաղաքներում՝ ներառյալ Աբովյանը, Մասիսը, Գյումրին և Կապանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։