Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման մեկնարկը տեղափոխվել է 2026 թվական՝ ֆինանսական սահմանափակումների հետևանքով: Այդ մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է Factor TV-ին տված հարցազրույցում։
«Մենք ասել ենք, որ նախագիծն այնպես ենք կազմել, որպեսզի մեկնարկը տրվի 2025-ին, սակայն քննարկումները և բյուջետային հնարավորությունները, մեզ ստիպեցին որոշակի հետաձգում իրականացնել։ Կառավարության ծրագրում նախանշված բարեփոխման մեկնարկը պետք է տանք 2026-ին։ Բայց սա չի նշանակում, որ մենք այս ընթացքում բարեփոխման առանձին հատվածներ չենք իրականացրել»,- նշել է նախարարը, գրում է ՍիվիլՆեթը։
Նախարարը նաև ընդգծել է, որ առողջապահական ծախսերը պետք է դիտարկել ներդրումային տեսանկյունից, այլ ոչ թե որպես պարզապես ծախս։
«Ընդհանուր առմամբ, համակարգի գնահատման ամենակարևոր ցուցանիշներից մեկը մարդու կյանքի միջին տևողության գնահատականն է։ Համաշխարհային բանկի հրապարակված 2023-ի տվյալներով՝ Հայաստանը գրանցել է 77,7 տարի կյանքի միջին տևողություն, որը տարածաշրջանում ամենաբարձրն է»,- ընդգծել է նախարարը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու հիվանդանոցների մատուցած ծառայությունների գները գերազանցում են պետպատվերի ծածկույթը, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ խնդիրը պայմանավորված է ֆինանսական սահմանափակումներով։
«Միշտ էլ բյուջեի խնդիրն է եղել, որ մեր երկրում առողջապահական ծախսերը մեր ՀՆԱ-ի 1․5%-ն են և ոչ թե, ասենք, 3-4%-ը, և մեր հանձնառությունն է այդ ծախսերի հատվածը ավելացնել»,–ասել է նախարարը։
Նրա խոսքով, որոշ ծառայությունների գները երկար ժամանակ վերանայում չեն ենթարկվել, սակայն այդ գործընթացը արդեն սկսվել է։
«Օրինակ, մանկական վիրաբուժական ծառայությունները այս տարի ամբողջությամբ վերանայվել են։ Ոչ միայն ծավալը… վիրաբուժական ծառայությունների ամբողջ գնացուցակ է փոփոխվել»,- ասել է նա՝ շեշտելով, որ կատարվում են փոփոխություններ ոչ միայն գների, այլև ծառայությունների որակի, դեղորայքի, միջամտությունների ու բժշկի վարձատրության մակարդակով։
Նախարարն անդրադարձել է նաև մեծահասակների վիրաբուժական ծառայությունների վերանայման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ներկայիս սակագները չեն արտացոլում իրական շուկայական պայմանները։
«Հուսով եմ, որ սեպտեմբերից այս շատ կարևոր խոցելի ուղղությունը ևս ամբողջությամբ վերանայված կլինի»,- նշել է նա՝ անդրադառնալով վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ոլորտին։
Ավանեսյանն ընդգծել է նաև պետական ֆինանսավորման մեծացումը՝ հիշեցնելով, որ առողջապահության ոլորտի բյուջեն զգալիորեն աճել է։
«Մենք 2018-ին ունեցել ենք 81 մլրդ դրամի առողջապահական բյուջե։ Այսօր 167 մլրդ է, դեռ չհաշված այս տարվա ընթացքում ավելացումները»,- նշել է նա՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը՝ բարելավել բնակչության առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը։






