AM
31 Հուլիս 2025 - 13:29 AMT

Ջենիֆեր Լոպեսը Երևան է գալիս Սնուփ Դոգի փոխարեն

Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս ռեփ երգիչ Սնուպ Դոգի փոխարեն։ ՀՀ կառավարությունը հուլիսի 31–ի նիստի չզեկուցվող հարցերի ցանկում հավանություն է տվել «Snoop Dogg» ձևակերպումը «Ջենիֆեր Լոպես» անվանումով փոխարինելու որոշմանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին նախատեսված Սնուփ Դոգի համերգը չի կայացել՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիների հոգեբանական վիճակով։

Նախագիծը կազմակերպող «Դոպինգ Սփեյս» ընկերության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև կայացած հետևողական քննարկումների արդյունքում համաձայնեցվել են նախագծի իրականացման նոր ժամկետները և փոխարինող արտիստի անունը։

Նախագծի համար կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս»-ին տրամադրել է ավելի քան 2․3 միլիարդ դրամ։ Այս փուլում, Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար լրացուցիչ պետական ֆինանսավորում չի հատկացվելու։

Ըստ հիմնավորման, նախաձեռնությունն ամբողջությամբ համահունչ է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությանը», որի նպատակը Հայաստանին ներկայացնելն է որպես համաշխարհային մշակութային արժեքներ ստեղծող ու կրող երկիր՝ նպաստելով մշակութային զբոսաշրջության առաջխաղացմանը։

Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը կայանալու է օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Երգչուհին Երևան է ժամանելու իր «UP ALL NIGHT» համերգային շրջագայության շրջանակում։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Լոպեսի Հայաստան գալը հնարավոր է դարձել Քիմ Քարդաշյանի միջնորդությամբ, սակայն պաշտոնական հաստատումից հետո ոչ մի կազմակերպիչ չէր համարձակվել ստանձնել համերգի իրականացումը՝ մոտ 1 մլն դոլար արժողությամբ պահանջի պատճառով։

Ինչ վերաբերում է չեղարկված Սնուփ Դոգի համերգին, ապա դեռ փետրվարին հաղորդվել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ վերջինիս փոխանցված հոնորարը վերադարձնելու հարցով, սակայն այդ պահանջին այս պահի դրությամբ պատասխան չի տրվել։

Ըստ կազմակերպիչների, Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերի մեծ մասը վերադարձվել է գնորդներին։ Կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ, «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» նախագծի շրջանակում «Դոպինգ Սփեյս»-ին հատկացվել էր 2 միլիարդ 318 միլիոն 596 հազար 800 դրամ՝ դրամաշնորհային հիմունքներով։ Ռեփ երգչի հոնորարի չափը կազմել էր 1,8 միլիոն ԱՄՆ դոլար։ Մրցակցության պետական հանձնաժողովը հայտնել է, որ Սնուփ Դոգը համաձայնություն է տվել ողջ հոնորարը վերադարձնել կազմակերպչին, չնայած այն հանգամանքին, որ պայմանագրով գումարի վերադարձի դրույթ նախատեսված չի եղել համերգի չեղարկման պարագայում։