Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է մասնագիտական քննարկում, որի նպատակն է մշակել լուծումներ ՀՀ-ում առանց համապատասխան թույլտվության անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հետ կապված խնդիրների համար, ինչպես նաև պլանավորել առաջիկա քայլերը։
Քննարկումն անցկացվել է՝ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված կոմիտեի նիստում բարձրացված հարցերին անդրադառնալու շրջանակում։
Քննարկման ընթացքում ներկայացվել են վայրի կենդանիների ոչ իրավաչափ պահման հետ կապված իրավական խոցելիությունները, վերահսկողության մեխանիզմների կատարելագործման ուղղությունները, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Աշխատանքային քննարկման առանցքում է եղել կենդանիների իրավական կարգավիճակի հստակեցումը, թույլտվությունների տրամադրման և վերահսկման ընթացակարգերի հստակեցումը, ինչպես նաև իրավախախտումների համար պատասխանատվության սահմանումը։
Մասնակիցները ընդգծել են, որ ոլորտային արդյունավետ քաղաքականության մշակման համար կարևոր է պետական կառույցների, մասնավոր հատվածի և գիտակրթական հաստատությունների միջև փոխգործակցության ամրապնդումը։ Այս համագործակցությունը, ըստ մասնակիցների, կնպաստի ոչ միայն վայրի կենդանիների բարեկեցության ապահովմանը, այլև կենսաբազմազանության պահպանությանն ու միջազգային չափանիշների լիարժեք պահպանմանը։
COP17-ն անցկացվելու է ՀՀ–ում 2026–ին։






