Զարուհի Փոստանջյանի փաստաբանները հայտարարել են, որ Վերաքննիչ դատարանը միանշանակ անարդար որոշում է կայացրել՝ խախտելով իրենց վստահորդի պաշտպանություն ստանալու հիմնարար իրավունքը։ Հուլիսի 31-ին նման որոշում են կայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Աբգարյանը, Լուսինե Ալավերդյանը և Կարեն Հովհաննիսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
«Նախապես նշանակված դատական նիստը, որը պետք է կայանար 2025 թվականի հունիսի 24-ին, չի կայացել վերոնշյալ դատավորների գործողությունների արդյունքում։ Զարուհի Փոստանջյանը և նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը շուրջ երկու ժամ սպասել են նիստի մեկնարկին, սակայն դատարանից ստացվել է ոչ հստակ պատճառաբանություն այն մասին, որ կազմը զբաղված է։ Դրանից հետո հեռախոսազանգով կայացվել է որոշում՝ նշանակել նիստ 2025 թվականի հուլիսի 31-ին։
Սակայն հուլիսի 31-ին նշանակված դատական նիստին փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը չէր կարողացել ներկայանալ՝ այլ գործով անհետաձգելի մասնակցության անհրաժեշտության պատճառով։ Նա դատարանին ներկայացրել էր համապատասխան դիմում-միջնորդություն՝ խնդրելով նիստի ժամանակավոր հետաձգում։ Միևնույն ժամանակ, Զարուհի Փոստանջյանը միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հնարավորություն ընձեռել իրեն նոր պաշտպան ներգրավելու համար։
Դատարանը մերժել է երկու միջնորդություններն էլ՝ առանց փաստարկված որոշման, առանց լսելու կողմի հիմնավորումները և առանց հաշվի առնելու մարդու իրավունքների հստակ սահմանված երաշխիքները։ Ավելին, դատավորները շտապել են անցնել խորհրդակցական սենյակ և կայացրել են դատական ակտ, որի պատճառաբանություններն այս պահին դեռևս չեն հրապարակվել։
Սույն գործով տեղի ունեցած դատական ընթացակարգային խախտումները լրջորեն խախտում են արդար դատաքննության իրավունքը՝ մենք պատրաստվում ենք համապատասխան բողոքներ ներկայացնել իրավասու մարմնի՝ պահանջելով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նախաձեռնում»,- նշված է հայտարարության մեջ։






