AM
1 Օգոստոս 2025 - 06:30 AMT

Կարապետյանը 2-րդ հայցադիմումն է ներկայացրել բլոգեր Բաղդասարյանի դեմ

Երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ ՝ պահանջելով հրապարակային ներողություն, հերքում և 9 միլիոն դրամ փոխհատուցում՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Հայցադիմումը մուտք է եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հայտնում է «Փաստինֆոն»։

Հայցը կապված է Ռոման Բաղդասարյանի կողմից 2025 թվականի հուլիս ամսին ֆեյսբուքյան իր էջերում կատարված գրառումների հետ, որոնցում, ըստ Կարապետյանի, տեղ են գտել վիրավորանքներ և ապատեղեկատվություն պարունակող, իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Կարապետյանը պահանջում է, որպեսզի՝ Բաղդասարյանը դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրի իրենից, հերքի զրպարտչական տեղեկությունները՝ «Facebook»-ի իր երկու էջերում՝ առանց կրկնելու զրպարտությունը։

«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, 2025 թվականի հուլիս ամսին ֆեյսբուքյան իմ էջերում հրապարակային տեղեկություններ եմ հայտնել գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ՝ վերագրելով նրան այնպիսի փաստեր, որոնք որևէ կերպ չէին համապատասխանում իրականությանը։ Զերծ կմնամ նախկին հրապարակումներում տեղ գտած զրպարտչական արտահայտությունները այս հերքմամբ կրկին վերահրապարակելուց, միայն կնշեմ, որ ընդունում եմ՝ դրանք անհիմն էին և չպետք է հրապարակվեին։ Հանրայնորեն հայտարարում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»։ Նման հերքման տեքստ է Սամվել Կարապետյանն ակնկալում տեսնել Ռոման Կարապետյանի ֆեյսբուքյան էջերում։

Համաձայն հայցի՝ հերքման գրառումը Բաղդասարյանը պետք է իր էջերում պահպանի առնվազն մեկ ամսվա ընթացքում։

Հրապարակային ներողության ու հերքման պահանջներին զուգահեռ, Կարապետյանը դատարանից պահանջում է նաև 9 միլիոն ՀՀ դրամ գումար՝ որպես զրպարտության և վիրավորանքի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի, այդ թվում՝ պետական տուրքի և փաստաբանական ծառայությունների վճարների բռնագանձում։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։