Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ տեղի է ունեցած մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով ՀՀ խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ-ում թրաֆիքինգի զոհերի նույնականացման համակարգի բարելավման աշխատանքները։
Քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը։
Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ միգրացիոն իրավիճակի փոփոխման միտումների և դրանց արդյունքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տեսանկյունից ծագող ռիսկերի վերաբերյալ։ Արձանագրված խնդիրների արդյունավետ հասցեագրման նպատակով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Հայաստանում առավել շատ տարածված թրաֆիքինգի տեսակներից է հարկադիր կամ պարտադիր աշխատանքը և նաև սեռական շահագործման ձևերը։Այդ մասին ասուլիսում ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը: Նա վիճակագրություն է ներկայացրել, որը վկայում է դեպքերի աճի մասին։
2020–ին թրաֆիքինգի դեպքերը 10-ն են եղել, որոնցից 1-ը սեռական շահագործման դեպք։ 2024–ին 38 քրեական վարույթ է հարուցվել, որոնցից 20-ը սեռական շահագործման, 18-ը՝ աշխատանքային, իսկ 2025–ի առաջին կիսամյակում 22 քրեական վարույթ է եղել, որոնցից 15-ը սեռական շահագործման, 7-ը աշխատանքային։






