Կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավայրից հղած ուղերձում նշել է, որ «Տերը չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում»։
Նա գրել է․ «․․․Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է:
Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով:
Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում …. Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է»։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։






