Սահմանադրական դատարանը հօգուտ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի որոշում է կայացրել՝ բավարարելով նրա դիմումը։ Մասնավորապես` Բարձր դատարանը շեշտել է՝ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով անտեսելը կամ դրանք ընտրողաբար կատարելը, հայտնում է Factor.am-ը։
2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել դատավոր Հարությունյանի լիազորությունները՝ ելնելով նրանից, որ նա հարցազրույց է տվել լրատվամիջոցներին։ Նիստը տեղի է ունեցել դռնփակ՝ Խորհրդի պարզաբանմամբ՝ դա արդարադատության շահից էր բխում։ Բացի դրանից, նիստի ընթացքում ԲԴԽ-ն որոշում է կայացրել հեռացնել Հարությունյանին դահլիճից՝ այն պահին, երբ նա դեռևս արտահայտված չէր իր դիրքորոշումը կարգապահական գործի վերաբերյալ, թեև նա բազմիցս ընդգծել է, որ պատրաստվում է ներկայացնել իր կարծիքը։ Դահլիճում այդ ժամանակ ներկա չեն եղել նաև նրա փաստաբանները։
ԲԴԽ-ի որոշումից հետո Դավիթ Հարությունյանն դիմել է Սահմանադրական դատարան։ Վերջինս՝ 2024 թվականի մայիսի 21-ին կայացած որոշմամբ արձանագրել է, որ ԲԴԽ-ն, իր նկատմամբ կիրառելով դատական սանկցիա և սահմանափակելով հրապարակայնությունը, կիրառել է իրավական նորմերը այլ մեկնաբանությամբ։
Ըստ Դատական օրենսգրքի՝ ԲԴԽ-ն կարող է վերանայել դատավորի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ իր որոշումը, եթե ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Նման հանգամանք է նաև Սահմանադրական դատարանի որոշումը։ Սակայն ԲԴԽ-ն նախորդ տարվա հոկտեմբերին մերժել է գործի վերանայումը՝ անտեսելով ՍԴ որոշումը։
Այսօրվա ՍԴ որոշումը վերաբերում է հենց այդ մերժմանը։
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմք վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է: Խորհրդին վերապահված իրավունքի իրականացումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ հանգեցնի անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների էության խաթարմանը կամ դրանց իրացման անհարկի սահմանափակմանը: Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հիմք է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար, Խորհուրդն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունը չի կարող մեկնաբանել որպես հայեցողական լիազորություն՝ սեփական հայեցողությամբ պայմանավորելով դրա իրականացումը։ Նման մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերը, վտանգում է իրավունքի գերակայության, սահմանադրական վերահսկողության ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովումը՝ կասկածի տակ դնելով Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր ուժի հիմնարար բնույթը՝ վերջնարդյունքում հանգեցնելով անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված հիմնական իրավունքների խախտմանը»,- նշվում է ՍԴ որոշման մեջ։
Ինչպես նախորդ որոշման դեպքում, այնպես էլ հուլիսի 29-ին հրապարակված այս որոշմամբ Սահմանադրական դատարանը կրկին ընդգծել է, որ այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Դավիթ Հարությունյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան երկու առանձին դիմում է ներկայացվել։






