AM
1 Օգոստոս 2025 - 09:18 AMT

Արցախի մշակույթի նախարարությունը՝ Բաքվին. Անկախ Արցախն իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով

Արցախի մշակույթի նախարարությունը մանիպուլյատիվ է անվանել Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի այն հայտարարությունը, թե «ռուս խաղաղապահների կողմից առանց ադրբեջանական կողմի թույլտվության հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրու տեղադրումը անօրինական էր»։

Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը հուլիսի 30-ին ահազագել էր՝2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։

Հայտարարության մեջ նշվում է, որ անկախ Արցախն իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով և որևէ պարտավորություն չի ունեցել՝ որևէ «թույլտվություն» ստանալու հարևան պետության ղեկավարությունից:

«Այվազովսկու արձանը տեղադրվել է 2021 թվականին՝ իրավական և թափանցիկ նախաձեռնության շրջանակում, որը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության պետական մարմինների, Արցախի ռուսական համայնքի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համագործակցությամբ։ Այն պնդումը, թե հուշարձանը տեղադրվել է իբր առանց ադրբեջանական իշխանությունների «թույլտվության» և այդ իսկ պատճառով ապամոնտաժվել է, հիմք չունեցող փորձ է՝ արդարացնելու մշակութային վանդալիզմի ակտը։

Պետք է հստակ ընդգծել, որ անկախ Արցախի Հանրապետությունը իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով, և որևէ պարտավորություն չի ունեցել՝ որևէ «թույլտվություն» ստանալու հարևան պետության ղեկավարությունից։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո, Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը նպատակային կերպով անցել է հայկական պատմամշակութային հուշարձանների համակարգված ոչնչացմանը։ Այդ թվում են՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, ինչպես նաև տասնյակ հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին, մշակութային կենտրոններ, թանգարաններ, եկեղեցիներ ու միջնադարյան գերեզմանատներ։

Հատկանշական է, որ Ստեփանակերտ անվանումը քաղաքին տրվել է հենց Բաքվի իշխանությունների կողմից՝ 1923 թվականին, ի պատիվ հայ հեղափոխական, Բաքվի կոմիսարների առաջնորդ Ստեփան Շահումյանի։ Հետևաբար՝ բոլոր այն պնդումները, որոնք վերաբերում են «հակաօրինական» կերպով տեղադրված հայկական հուշարձաններին, ոչ պատմական, ոչ էլ իրավական հիմնավորում չունեն։

Միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհրդը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ միջազգային հաստատությունները՝ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ արձանագրված և շարունակվող մշակութային ցեղասպանության դրսևորումներին հակազդելու համար։ Միջազգային իրավունքի ակնհայտ խախտումների պայմաններում անհետևողականությունը համարժեք է մշակութային բնույթի հանցագործությանը մասնակցելուն»,- նշված է Արցախի մշակույթի նախարարության հայտարարության մեջ։

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, անդրադառնալով Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների կողմից Այվազվոսկու արձանի ոչնչացման փաստին, այդ ակտն անվանել է «ցուցադրական ոչ բարեկամական ակցիա Ռուսաստանի նկատմամբ»։

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանի քանդմանն Ադրբեջանի իշխանությունների կողմից արձագանքել է նրա կտավների հրապարակմամբ Տելեգրամի իր ալիքում։

ՌԴ Դաշնային խորհրդի՝ ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ստեփանակերտում հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը պետական վանդալիզմի օրինակ է։