AM
1 Օգոստոս 2025 - 11:09 AMT

Քոչարյան․ Կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի հասկանում, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության ապահովման հետ, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է նման կապ: Ան այդ մասին ասել է «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում։

«Կարմիր գծեր կան, որոնք այս իշխանությունը հատել է հեշտությամբ։Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը: Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա ասել է, նաև, որ Փաշինյանը «բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա էլ նույնը եկեղեցու հետ է անում»։

«Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում: Փաշինյանը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ․․․

Չեմ կարծում, որ արտաքին աշխարհում կա որևէ լուրջ մարդ, որը շարունակում է Փաշինյանին վստահել, չեն վստահում, բայց փորձում են օգտագործել և բարեհաջող օգտագործում են»,–ասել է նա։

Հարցազրույցը նախատեսված է հեռարձակվել «5-րդ ալիքի» եթերում օգոստոսի 1–ին 21։20-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։