AM
1 Օգոստոս 2025 - 11:20 AMT

Հղի կնոջ վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանն ասել է, թե Սոնան դիտավորությամբ փորձել է խոչընդոտել շարասյան ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտարարել է, որ վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանը ևս մեկ անգամ պնդել է, թե Սոնան վերջին պահին դիտավորությամբ փորձել է խոչընդոտել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը։

«Իհարկե, դեպքի տեսագրությունը բոլորին է հասանելի, իսկ նման հայտարարության բարոյական կողմը չքննարկենք, բայց դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ վրաերթի ենթարկված հանգուցյալն ահաբեկիչ էր, իսկ նրան վրաերթի են ենթարկել ահաբեկչական ակտը կանխելու նպատակով, գուցե նաև վերադասի ցուցումո՞վ…

Ապա, ի՞նչ անզգույշ հանցանքի մասին է խոսքը, ստացվում է, որ տուժողի սպանության իրավաչափության պայմաններ պետք է քննարկվեն»,- նշել է փաստաբանը, հայտնում է Aysor.am-ը։

Րաֆֆի Ասլանյանը հավելել է, որ սա պետք է դիտարկել որպես ահազանգ իրավապահ համակարգի համար, քանի որ քանի որ պաշտպանի նման ընկալումը (իբր Սոնան դիտավորյալ խոչընդոտել է շարասյան ընթացքը) գուցե դեպքի պահին ունեցել են նաև ավտոշարասյան մեքենաների մեջ գտնվող անձինք, հատկապես ղեկավար կազմը։

2022–ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, վարելով «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն։ Վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Վթարի պահին ավտոշարասյունը ուղեկցելիս է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մահացած կինը հղի էր՝Սոնա Մնացականյանը։