ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պայմանավորվել են օգոստոսի երկրորդ կեսին հանդիպել՝ քննարկելու ԵԱՏՄ օրենսդրության հետ կապված հարցեր։ Այդ մասին տեղեկացրել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հայտնում է Factor.am-ը։
Փոխվարչապետի գրասենյակից, սակայն, չեն հստակեցրել, թե երբ տեղի կունենա երկու երկրների փոխվարչապետների հանդիպումը։
Մոտ մեկ ամիս առաջ նույն լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել էր, որ նա ստացել է Ալեքսեյ Օվերչուկի կողմից ուղարկված նամակը։
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի պատասխանից պարզ է դարձել, որ Օվերչուկի ուղարկած նամակը առնչվում է ՀՀ կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 3-ի թիվ 374-Ն որոշմամբ սահմանված կարգերի և պահանջների համապատասխանությանը ԵԱՏՄ օրենսդրությանը։ Համաձայն այդ որոշման՝ սահմանվել են պահանջներ այն պարենային ապրանքների համար, որոնք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվում են Հայաստան և սպառվում ՀՀ տարածքում։ Այդ ապրանքների համար անհրաժեշտ է համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպում և ներկայացում, ինչպես նաև ներառում ազգային ռեեստրում՝ ըստ հավելվածում նշված կարգի։
Նախքան նամակի ուղարկումը՝ Օվերչուկն արդեն բարձրաձայնել էր, որ Մոսկվան պատրաստում է գրավոր դիմում՝ Երևանի՝ ԵՄ-ին մերձենալու քայլերը ԵԱՏՄ կանոնակարգերին հակասելու վերաբերյալ։






