AM
1 Օգոստոս 2025 - 12:34 AMT

ՔԿ-ն վերադարձրել է Գեղամ Մանուկյանի առգրավված հեռախոսը

Քննչական կոմիտեն հուլիսի 31-ին վերադարձրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, հայտնում է «Ազատությունը»:

Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել 3 շաբաթ առաջ, երբ իրավապահները ձերբակալել էին 7 հոգու՝ նրանց կասկածելով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում էր նաև Մանուկյանի որդին՝ Տարոնը:

Խուզարկել էին պատգամավորին պատկանող բնակարանը, որտեղ բնակվում է որդին: Առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ այդ պահին բնակարանում գտնվող պատգամավորի իրերը, իսկ հեռախոսը, Գեղամ Մանուկյանի խոսքով, իրենից խլել էին ուժով:

Քննչականը հայտարարել էր, որ հենց ահաբեկչության նախապատրաստության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում են առգրավել պատգամավորի հեռախոսը, և որ այդ բնակարանը խուզարկելու որոշում են ունեցել:

ՀՅԴ անդամ Մանուկյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղարկած գրություններում հորդորել էր վերադարձնել իր անձնական իրն ու պատժել մեղավորներին: