AM
1 Օգոստոս 2025 - 12:58 AMT

ԱՆ․ Կրծքով կերակրումը նվազեցնում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի հավանականությունը

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա», հայտնում է առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ կրծքով կերակրումը նվազեցնում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի հավանականությունը:

«Կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (մոտ 97%)` բացառությամբ բժշկական ցուցումներով պայմանավորված շատ փոքրաթիվ դեպքերի:

Կրծքով կերակրումը նաև օգտակար է կանանց առողջության համար` նվազում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի,սակավարյունության, հետծննդաբերական դեպրեսիայի և այլ խնդիրների հավանականությունը:

Շատ մայրեր անհանգստանում են, որ կեսարյան հատումից հետո կաթ չեն ունենա կամ կրծքով չեն կարողանա կերակրել, բայց այդպես չէ: Թեև հետվիրահատական շրջանը կարող է ավելի երկար տևել, սակայն այն կրծքով կերակրելու համար խոչընդոտ չէ»,- ասվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում։

Նշվում է, որ կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ. ձևավորում է սեր և ջերմություն մոր և մանկան միջև, մայրը հոգեպես առավել բավարարված է, երեխան ավելի քիչ է լաց լինում և իրեն ավելի պաշտպանված զգում։