Երևանի մետրոյի կայարաններում հերթեր են գոյացել թղթային տոմսերի չեղարկման պատճառով։ Տոմսարկղերի մոտ հերթեր են առաջանում քարտեր գնելու համար, իսկ քարտերն անմիջապես չեն ակտիվանում։ Աշխատակիցները քաղաքացիներին խնդրում են մի քանի րոպե սպասել, հայտնում է Sputnik Արմենիան։
Օգոստոսի 1-ից դադարեցվել է հասարակական տրանսպորտում օգտագործվող մեկանգամյա թղթային տոմսերի օգտագործումը, որոնք պարունակել են QR կոդեր։
Շատ քաղաքացիներ, չիմանալով փոփոխության մասին, շարունակել են տոմսեր գնել «Telcell» սարքերում։ Ապարատը գանձել է գումարը և տրամադրել տոմս՝ առանց գործող QR կոդի։ Արդյունքում՝ այդ տոմսերով հնարավոր չի եղել մետրոյից օգտվել։
«Ինչո՞ւ «Telcell»-ը ծրագիրը չի անջատում, որ մարդիկ գոնե սխալմամբ չգնեն»,- ասել է ուղևորներից մեկը։
Ուղեվարձը կարելի է վճարել նաև բանկային քարտերով, բայց խնդիր է ծագում, եթե ուղևորը փորձում է իրենից բացի ուրիշի համար էլ վճարել. քարտը կարող է օգտագործվել մեկ անգամ։
Մետրոպոլիտենից տեղեկացրել են, որ թղթային տոմսերի չեղարկման պատճառով կայարաններում կուտակումներ չեն արձանագրվել։
«Քաոսային վիճակ չկա, պարզապես մարդիկ հերթ են կանգնում, որ քարտը լիցքավորեն, անցնեն»,– նշված է մամուլի ծառայության մեկնաբանության մեջ։
Մինչդեռ ուղևորները դեռ հնարավորություն ունեն մուտք գործել մետրո՝ այն QR կոդերով մեկանգամյա տոմսերով, որոնք ձեռք են բերվել նախկինում և դեռ ուժի մեջ են, ինչպես նաև իրենց անձնական բանկային քարտերով՝ բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան» բանկի քարտերի։
Հունվարի 1-ից ամբողջությամբ ներդրվել է միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից սահմանվել են նոր սակագներ։ Այժմ գործում է նոր ուղետոմս՝ 150 դրամ արժեքով, որը մնալու է անփոփոխ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։






