Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքի տակ թողնելու որոշումը և հորդորել է ազատ արձակել նրան։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով կալանքը կիրառելու մասին սկզբնական ապօրինի դատական ակտը թողնվել է ուժի մեջ։
Առաջին ատյանի դատարանը 2025թ. հունիսի 28-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքը կիրառել էր գործի քննությանը խոչընդոտելու և հանցանք կատարելու մտացածին հիմնավորումներով։
Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի։
Հորդորում ենք դատական և դատախազական մարմիններին անհապաղ ազատ արձակել ա նհիմն կալանավորված Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,–ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։






