AM
1 Օգոստոս 2025 - 14:05 AMT

Պարույր Հովհաննիսյանը կզբաղեցնի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի պաշտոնը

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026-ի նստաշրջանի փոխնախագահ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը։

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի մյուս փոխնախագահների պաշտոններում ընտրվել են Ամար Բենջաման Ալժիրից (Աֆրիկայի պետություններ), Վելինգտոն Դարիո Բենկոսմե Կաստանյոսը Դոմինիկյան Հանրապետությունից (Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ), և Հեկտոր Խոսե Գոմես Էրնանդեսը Իսպանիայից (Արևմտյան Եվրոպայի և այլ պետություններ)։

Ավելի վաղ Պարույր Հովհաննիսյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը։