ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է՝ տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն:
Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի: Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն։
Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը Սովետաշենի բանտի մենախցում: Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրեական գործի շրջանակներում շարունակվում է»,- գրել է Տիգրան Աթանեսյանը։
Աշոտյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսին՝ քննիչ մարմնի կողմից վարույթում գտնվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իբր արձանագրված չարաշահումների գործի շրջանակում, որում նա կասկածվել է խափանման միջոցի պայմանների խախտման մեջ։ Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։






