AM
2 Օգոստոս 2025 - 07:10 AMT

Քոչարյան․ Ադրբեջանին և Թուրքիային կարող է զսպել միայն Ռուսաստանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանին և Թուրքիային կարող է զսպել միայն Ռուսաստանը։

«Հայկական բանակը հզորացնելով կարող ենք զսպել Ադրբեջանին, բայց Թուրքիային կամ թուրք-ադրբեջանական տանդեմը զսպել միայնակ չենք կարող»,–ասել է նա։

Նա ընդգծել է, որ Թուրքիային թշնամի դարձնել պետք չէ, իսկ Ադրբեջանի հետ անհրաժեշտ է խաղաղության հասնել՝ միևնույն ժամանակ կարողանալով զսպել այդ երկրների նկրտումները Հայաստանի նկատմամբ, ինչի կարողությունը, ըստ նրա, միայն Ռուսաստանն ունի։

«Ոնց գլոբուսը պտտում եք, միայն մի երկիր ունի այդ հնարավորությունը՝ Ռուսաստանը։ Մակրոնն ու Ֆրանսիան չեն հաստատ, այստեղ կենսական շահեր չունեն, Ֆրանսիայի բանակը 200,000 է, որից մարտական պատրաստվածություն ունի մոտ 50,000–ը։ ԱՄՆ–ն տարածաշրջանում ոչ շահ ունի, ոչ էլ ցանկություն՝ իրականացնելու նման զսպման քաղաքականություն։»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ փորձառու ղեկավարը նման իրավիճակում պետք է ձգտեր այնպիսի հարաբերություններ ձևավորել ՌԴ հետ, որոնք կապահովեին սպառնալիքների զսպման մեխանիզմներ ի նպաստ Հայաստանի, սակայն, ՀՀ գործող իշխանությունները հակասությունները սրել են Ռուսաստանի հետ և միաժամանակ փորձում են մոտենալ այն երկրներին, որոնք փաստացի սպառնալիք են մեզ համար։

«Հիմա սա ողջամտության հետ որևէ առնչություն ունի՞, թե չունի․ այսպես միջազգային հարաբերությունները չեն աշխատում»,- ասել է Քոչարյանը։

Նա հիշեցրել է, որ արդեն առնվազն 250 տարի է, ինչ Թուրքիան ու Ռուսաստանը մրցակցում են Հարավային Կովկասում իրենց դիրքի համար։

«Այդ մրցակցությունը մի քանի անգամ վերածվել է պատերազմի, հետո էլի խաղաղություն, էլի պատերազմ, բայց բան չի փոխվել ու չի էլ փոխվելու»,- ասել է Քոչարյանը։

Նա անդրադարձել է նաև այն մեկնաբանություններին, ըստ որոնց՝ Ռուսաստանն այսօր թուլացած է Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով՝ նշելով, որ նման կարծիք հայտնողները իրավիճակին չեն տիրապետում։

«Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմի արդյունքում դարձավ օրակարգ թելադրող երկրներից մեկը։ Այսօր Ռուսաստանը դարձել է թոփ 3 աշխարհաքաղաքական խաղացողներից մեկը, նաև ամենամարտունակ բանակ ունեցողն է։ Եթե ՀՀ ներկա ղեկավարությունը դա չի հասկանում, աշխարհաքաղաքական տգիտության նշան է»,- ասել է Քոչարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն կհաստատի միայն այն դեպքում, երբ Հայաստանի թիկունքում լինեն հստակ զսպման մեխանիզմներ և երաշխիքներ։

Անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանությունների արշավին՝ Քոչարյանն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա էլ նույնը եկեղեցու հետ է անում»։

«Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում: Փաշինյանը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ․․․

Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով, անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում», – ասել է նա։

Քոչարյանի կարծիքով, իշխանության գործողությունները համընկնում են այն քայլերին, որոնք կարող էր ձեռնարկել օտար պետության շահերը սպասարկողը։

«Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ նույն քայլերը, ինչ անում է ՀՀ այսօրվա իշխանությունը։ Փաշինյանն ասում է ես հավատացյալ եմ, տպավորություն է ուզում ստեղծի, թե ուղիղ կապ ունի Քրիստոսի հետ, իր հարազատն է։ Նույն այս մոդելով այս իշխանությունը քանդեց բանակը հրամանատարների նկատմամբ ստեղծելով անվստահություն, որը բերեց մարտունակության անկման, բանակի քայքայման։

Հիմա ինքը ստեղծում է անվստահություն սրբազանների և Վեհափառի նկատմամբ դրանով արդեն իսկ քանդում է եկեղեցու հիմքերը։ Սա ուղիղ արշավ է եկեղեցու, ոչ թե սրբազանների դեմ, որը չեմ կարծում, որ կհաջողի։ Ես համոզված եմ, որ եկեղեցինև ժողովրդի աջակցությունը կստանա, և քաղաքական ուժերի, այդ թվում իրար չսատարող ուժերի»,– ասել է Քոչարյանը։