AM
2 Օգոստոս 2025 - 07:53 AMT

Քոչարյան․ ԼՂ–ն չկա, Լաչինի միջանցքը չկա, «Զանգեզուրի միջանցքի» թեման դեռ կա՝ սա դիվանագիտական ձախողման գլուխգործոց է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ շարունակվող խոսակցություններին, ասել է, որ դա «դիվանագիտական ձախողման գլուխգործոց է»։ Այդ մասին նա ասել է «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ եթե այդ թեման «որպես այդպիսին ապրում է, դա նշանակում է, որ քո տարածքը վիճելի ես դարձնում այլոց համար»:

«Զանգեզուրի միջանցքի» հարցը պետք է փակված լիներ Արցախի հանձնումից հետո և այդ թեման այլևւս գոյություն չպետք է ունենար: Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։ Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում` այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը։ ԱՄՆ–ն է քննարկում Թուրքիայի հետ, Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, իսկ դու այս թեմայում չկաս: Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ»,–ասել է Քոչարյանը։

Քոչարյանն անդրադարձել է նաև ՀՀ նախագահի այն հայտարարությանը, որ «Սյունիքի դարպասները պետք է բացել»:

«Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ $ 2 միլիարդ 800 միլիոն գումար է հատկացվում Ղարս-Իդլիպ-Նախիջեւան երկաթուղի կառուցմանը, ինչը նշանակում է, որ ենթադրյալ այդ ճանապարհով երկաթուղին ոչ թե գալու է Երասխով Հայաստան և ՀՀ տարածքով հետո մտնի Թուրքիա, այլ ուղղակի Նախիջևանից մտնելու է Թուրքիա՝ Իդլիբ-Կարս: Եվ ընդհանրապես ճանապարհների բացման հետ այդ ճանապարհը ոչ մի առնչություն չի ունենալու: Սա լինելու է Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա երկրների հետ կապն ապահովող միջանցք:

Հայաստանի օգուտն այստեղ ո՞րն է։ Ցանկացած մտածող մարդ պետք է վերցնի քարտեզը, նայի և ասի՝ լավ, մենք ի՞նչ ենք շահում: 42 կմ-անոց ինչ-որ տրանզիտային մուտքե՞ր: Որ սա լինելու է միջանցքի տարբերակ, ես չեմ կասկածում: Մինչ օրս բոլոր հայտարարությունները, որ անում էին Ադրբեջանում, ավելի ճիշտ էին դուրս գալիս, քան այն հայտարարությունները, որ արվում էին Փաշինյանի կողմից: Մեր նախորդ փորձը հուշում է, որ այդպես է լինելու»,–ասել է Քոչարյանը։

Արտապատվիրակման թեզին անդրադառնալով՝ նա նշել է, որ պետությունն իր գործառույթը չի կարող պատվիրակել մասնավոր կազմակերպությանը, իսկ համեմատությունը «Զվարթնոց» օդանավակայանի հետ անհեթեթ է անվանել։

«Սա բիզնես է, բայց այդ տարածքն ամբողջությամբ քո վերահսկողության տակ է։ Իսկ, օրինակ, այդ ճանապարհին եթե մի վթար լինի, ո՞ր երկրի ճանապարհային ոստիկանությունն է հետաքննելու, ո՞ր երկրի դատարանում է այն լսվելու։ Եթե մահվան դեպքով պատահար լինի, ի՞նչ քննչական մարմիններ են զբաղվելու հանցագործություններով»,- ասել է Քոչարյանը։

Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։