ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, գրել է, որ «ժողովուրդը մերժելու է Հայաստանի անկախությունը մատաղ անելու փափագ ունեցողներին»։
«Քոչարյանի քաղաքական գոյության միակ իմաստը նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը խախտած երկու հայտնի կողմերի մաքրագործումն է և մեղքը Հայաստանի վրա գցելը: Սա ակնհայտ է վաղուց: Ի դեպ, նույնով զբաղված են նաև Սերժ Սարգսյանը, քրոնիկ լևոնականներն ու տարբեր կալիբրի ուխտազանցներ և բազմաքաղաքացի օլիգարխներ:
Բայց մարդիկ, բարեբախտաբար, ամեն ինչ տեսել են ու ամեն ինչ հասկանում են: Մեր ժողովուրդը միշտ կանգնելու է սեփական երկրի կողքին և մերժելու է Հայաստանի անկախությունը մատաղ անելու փափագ ունեցողներին»,–գրելկ է նա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Ադրբեջանին և Թուրքիային կարող է զսպել միայն ՌԴ–ն։ Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ շարունակվող խոսակցություններին, ասել է, որ դա «դիվանագիտական ձախողման գլուխգործոց է»։
«Զանգեզուրի միջանցքի» հարցը պետք է փակված լիներ Արցախի հանձնումից հետո և այդ թեման այլևւս գոյություն չպետք է ունենար: Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։ Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում` այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը։ ԱՄՆ–ն է քննարկում Թուրքիայի հետ, Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, իսկ դու այս թեմայում չկաս: Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ»,–ասել է Քոչարյանը։






