AM
2 Օգոստոս 2025 - 08:55 AMT

Մարտիրոսյանը` Լոպեսի հոնորարի մասին․ 6 միլիոնը դա մի 100-200 բնակարան է արցախցիների համար

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի հոնորարի համար բյուջեից հատկացվող միջոցների նպատակահարմարությանը, գրել է, որ այդ գումարով կարելի էր կառուցել «մի 100-200 բնակարան արցախցիների համար»։

«Լոպեզի (Լոփեզի?) գալուն կարելի է նույնիսկ 60 միլիոն դոլար հատկացնել բյուջեից։ Եթե գիտես, որ մի այլ ձև տուրիզմ ես խթանելու։ Կամ երկրիդ ճանաչելիություն ես բարձրացնելու։ Կամ սկսում ես համերգների (խիստ պլանավորած) շարք, ու մի քանի տարի նենց դեմքեր ես բերելու, որ ՀՆԱ–ն ա աճելու մի քանի տոկոսով (ասեմ ձեզ, տենց լինում ա, կատակ չեմ անում):

Բայց տվյալ դեպքում տեսե՞լ եք ինչ-որ հաշվարկ, կանխատեսում։ Ու, հետո էլ լավ կլինի իմանալ, թե ինչ եղավ։ Հիմա, դեռ որ, ԱԲ-ին հարցրեցի Լոպեզի հոնորարների մասին։ Հայաստանը բերեց առանձին կետով, ու ամենաթանկն էր (երևի Լարսով ա գալիս, ճամփեն ա թանկ ստացվում)

Հ.Գ. 6 միլիոնը դա մի 100-200 բնակարան է արցախցիների համար։ Ես հիմա հաճախ պետական ծախսերը սենց եմ իմ համար պատկերացնում»,–գրել է նա։

Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվել է, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ հուլիսի 31–ին կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։

Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ է կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։