AM
2 Օգոստոս 2025 - 10:08 AMT

Օգոստոսին ՀՀ–ում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունը

Օգոստոսի 12-20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» անվանումը կրող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ:

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում: