AM
2 Օգոստոս 2025 - 10:42 AMT

Աբրահամյան․ Քանի այս իշխանությունը կա, քաղբանտարկյալների ցուցակն անընդհատ համալրվելու է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշմանը, որը հրապարակվելուց անմիջապես հետո բողոքարկվել է դատախազության կողմից, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «քանի այս իշխանությունը կա, քաղբանտարկյալների ցուցակն անընդհատ համալրվելու է»։

Նա հիշեցրել է, որ Աշոտյանն արդեն մոտ 15 ամիս անցկացրել է բանտում, իսկ ավելի քան 11 ամիս գտնվել է տնային կալանքի մեջ՝ քաղաքական գործունեության սահմանափակմամբ։

«Վերաքննիչ դատարանի որոշումը` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ հանրայնացնելուց անմիջապես հետո, դատախազությունը շտապեց հայտարարել, որ բողոքարկելու են այն:

Արմենը 15 ամիս բանտում էր, շուրջ 11 ամիս էլ տնային կալանքի ռեժիմում` բազմաթիվ սահմանափակումներով, այդ թվում` քաղաքական գործունեության:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ընդամենը նրա տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ, սակայն իշխանությունն արդեն ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու և մշտական քաղաքական հետապնդման թիրախում պահելու համար:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ խափանման միջոցը փոխվել է, սակայն նրա գործը ո´չ կարճվել է, ո´չ էլ վերջինս արդարացվել է:

Քանի այս իշխանությունը կա մեր երկրում քաղբանտարկյալների ցուցակն անընդհատ համալրվելու է և քաղաքական ընդդիմախոսների դեմ հետապնդումները շարունակվելու են: Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,–ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 2–ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է՝ տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։