Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմում բացասական արձագանք է առաջացրել ոչ միայն Հայաստանի կողմից դեռ մեկ տարի առաջ ընդունված Պաղեստինի պետության ճանաչման որոշումը, այլ մասնավորապես՝ վերջին օրերին պաշտոնական Երևանի կողմից այդ թեմայի խթանումը:
Նա նշել է, որ անհասկանալի է, թե այս թեմայի շուրջ գերլարված միջազգային իրավիճակում ինչու է պետք ևս մեկ անգամ Հայաստանը ներքաշել այս պատմության մեջ։
«Թրամփի թիմը չափազանց բացասական է ընդունում ոչ այնքան Հայաստանի կողմից մեկ տարի առաջ Պաղեստին պետության ճանաչման որոշումը, որքան վերջին օրերին պաշտոնական Երևանի կողմից այս թեմայի ակտիվ խթանումը։ Կարծիք կա, որ այս ամենը ոչ թե Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այլ Մակրոնի խնդրանքի կատարումը։ Վերջին օրերին բավականին բարդացել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ հարաբերությունները՝ հենց այս պատճառով։ Հայաստանը, կարծում եմ, սրա դիմաց ոչինչ չի ստացել, իսկ ահա իշխանությունը՝ առնվազն ներքաղաքական հարցերում, ստացել է Մակրոնի համապատասխան աջակցության վերաբերյալ մի թվիթ։
Չեմ ցանկանում քննարկել շուրջ մեկ տարի առաջ Պաղեստինի ճանաչման որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Դա առանձին թեմա է: Ցանկանում եմ հասկանալ՝ այս թեմայի շուրջ գերլարված միջազգային իրավիճակում ինչու է պետք ևս մեկ անգամ Հայաստանը ներքաշել մի պատմության մեջ, որը մտել է նույնիսկ Թրամփի և Մակրոնի անձնական հարաբերությունների տիրույթ։ Ու էդքանից հետո էլ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել, որ «լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը» մե՞կը, լո՞ւրջ:
Չեմ հասկանում՝ էս մարդիկ գոնե միջազգային լրահոս չեն կարդո՞ւմ»,–ասվում է գրառման մեջ։
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջազգային համաժողովին, որը նվիրված է Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը և «երկու պետություն» սկզբունքի իրագործմանը, ասել է, որ ՀՀ–ն համոզված է՝ միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությունն է, որ կարող է երաշխավորել երկարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարօրություն ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար։
«Առանձնահատուկ հպարտ ենք, որ Ֆրանսիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում՝ «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի շրջանակում՝ ճանապարհ հարթելով այս պատմական իրադարձության համար»,–ասել է նա։






